Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հերթական անգամ հաստատեց ընդդիմադիր ՀԱԿ-ի ու կոալիցիայի միջև միջնորդ հանդիսանալու իր պատրաստակամությունը: Ըստ նրա, գլխավոր նպատակը կողմերի միջև երկխոսության հաստատումն է: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր էր արդյոք, որ կողմերը փոխզիջման հասնեն արտահերթ նախագահական ընտրությունների հարցում, Անդրեասյանը ձեռնպահ է մնացել գնահատականներից:
Սակայն, նա նշել է, որ երբ կողմերը բանակցային սեղանի մոտ են, նրանք կարող են քննարկել ցանկացած հարց: «Ես չեմ կարող նախապես ասել, թե ինչ դիրքորոշում կունենան կողմերը տարբեր հարցերում»,-ասել է նա: Նա նշել է, որ եթե կողմերը փոխզիջման գան, դա կլինի ողջ հանրության հաղթանակը: