27 ապրիլի 2011 - 15:57 AMT
Ամերիաբանկը ներկայացնում է Մաքսային քարտ` անկանխիկ մաքսային վճարումների իրականացման հնարավորությամբ

Ամերիաբանկը, շարունակելով ՀՀ բանկային համակարգում ներկայանալ նոր ժամանակակից առաջարկներով, այսօր մշակել և իրավաբանական անձանց է ներկայացնում նոր վճարային քարտ` Հայաստանի բոլոր մաքսային կետերում անկանխիկ մաքսային վճարումների իրականացման հնարավորությամբ: Այս ժամանակակից ֆինանսական գործիքը նպատակաուղղված է դարձնել հաճախորդների գործունեությունն առավել հարմարավետ և տնտեսել նրանց ժամանակը:

Ներմուծող ընկերությունների և մաքսազերծման ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համար հատուկ մշակված և ներդրված այս քարտը համալրում է Բանկի կողմից առաջարկվող վճարային քարտերի լայն տեսականին և ստեղծում ևս մեկ նոր հնարավորություն օգտվել անկանխիկ վճարումների հարմարավետությունից և անվտանգությունից: Քարտը նախատեսված է մաքսային կետերում մաքսային ու հարկային վճարումներն առավել դյուրին և հարմարավետ իրականացնելու համար` առանց անհանգստանալու բավականաչափ դրամական միջոցների առկայության մասին:

Ձեռք բերելով Մաքսային քարտը` հաճախորդը հնարավորություն է ստանում օգտվել քարտի սպասարկման հատուկ արտոնյալ պայմաններից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև քարտին կից վարկային գծի ստացման մի շարք առավելություններից: Բանկում 3 ամսից ավել սպասարկված իրավաբանական անձ հաճախորդների համար քարտի սպասարկումն անվճար է, քարտին կից վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատվածին հաջորդող առաջին ամսվա համար սահմանված է ցածր տարեկան տոկոսադրույք, վարկային գիծը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, գծի ապահովվածություն է հանդես գալիս դրամական միջոցների շրջանառությունը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: