27 ապրիլի 2011 - 16:55 AMT
Երիտասարդները բողոքում են Գաֆեսճյան կենտրոնի կողմից «գեղեցիկը թաղելու» դեմ

Ապրիլի 27-ին Երևանում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել Ալ. Թամանյանի արձանի մոտ: Ինչպես ասաց ակցիայի կազմակերպիչ Մարատ Ջհանգիրյանը, ակցիայի պատճառը Zooming կազմակերպության կողմից Երևանի բարձունքներում տեղադրվող հեռադիտակներն են: Գաֆեսճյան արվեստի կենտրոնը չի թույլատրում թանգարանի բարձունքում տեղադրել հեռադիտակներ, ուստի ցուցարարները պնդում են, որ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը «թաղում է գեղեցիկը»: Որպես դրա խորհրդանիշ, ցուցարարները բերել էին դագազ, որի վրա փակցված էին թերթիկներ` հայտնի մարդկանց ասույթներով:

Zooming կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Սարգսյանը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Երևանի քաղաքապետարանը թույլ է տվել հեռադիտակների տեղադրումը և բազմաթիվ վայրերում դրանք արդեն տեղադրված են: Խնդիր է առաջացել միայն Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հետ, որի տնօրինությունն, ըստ Սարգսյանի, անհիմն պատճառաբանություններով հրաժարվում է դա անել: