Իրանի տրանսպորտի և ճանապարհների փոխնախարար Ռեզա Փիլփայեն Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են Հայաստանում երկաթուղիների և ավտոճանապարհների շինարարության նախագծեր իրականացնել և դրանով իսկ Հայաստանի երկաթուղային ցանցը կապել իրանական երկաթուղիների հետ, հաղորդում է IRNA գործակալությունը:
Ռեզա Փիլփայեն նշել է, որ երկաթուղային և ավտոճանապարհային նախագծերի իրականացման արագացման նպատակով արժեր կոնսորցիում ստեղծել, և երկու երկրների միջև նման համագործակցության մասին հարցը կարելի է մոտ ժամանակներս քննարկել Հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստում:
Գրիգոր Առաքելյանն իր հերթին երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հույս է հայտնել և համաձայնել համատեղ կոնսորցիումի ստեղծման անհրաժեշտության հետ: Իրանում Հայաստանի դեսպանը հիշեցրել է ավտոճանապարհի շինարարության նախագծի մասին, որը ձգվելու է Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահմանը: Այդ ճանապարհի կառուցման դեպքում ավտոտրանսպորտը կկարողանա լիարժեք անվտանգության պայմաններում երթևեկել Հայաստանի տարածքում: