28 ապրիլի 2011 - 08:29 AMT
ԱԱ-2018 կազմկոմիտեի նախագահ է նշանակվել Ռուսաստանի սպորտի նախարարը

Ռուսաստանի սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն նշանակվել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի նախագահ, կազմկոմիտեն կզբաղվի 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 27-ին կայացավ կազմկոմիտեի առաջին նիստը, որի ժամանակ քննարկվում էին աշխատանքի ծրագրերն ու հանձնարարականներ տրվեցին դաշնային նախարարություններին ու երկրամասերին:

Մուտկոն ասաց, որ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպումը, կիսաեզրափակիչներից մեկն ու եզրափակիչը ծրագրվում է անցկացնել Մոսկվայում: Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, նախարարի խոսքով, կկայանա Սանկտ-Պետերբուրգում:

Նախարարը նշեց նաև այն քաղաքները, որտեղ տեղի կունենան 2017 թվականի Համադաշնությունների Գավաթի հանդիպումները: Այդ առաջնությանը կմասնակցեն մայրցամաքների չեմպիոն հավաքականները, իսկ խաղերը տեղի կունենան Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում և Սոչիում:

Քաղաքների վերջնական ցուցակը պարզ կլինի ավելի ուշ: