Գառնիի տաճարին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՈՒՆԱՍՏԱՆ 2011թ. Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը: Ինչպես հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՈՒՆԱՍՏԱՆ 2011թ. Մելինա Մերկուրի հեղինակավոր մրցանակը կհանձնվի Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանին եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրին: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը կայանալու է մայիսի 24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Փարիզում:
ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ նշանավոր ավանդ ունեցող մշակութային լանդշաֆտի պահպանման եւ կառավարման բնագավառում գործունեություն ծավալած կազմակերպություններին:
Մրցանակի հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել էր ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը: