28 ապրիլի 2011 - 20:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ-ի ցույցի մասնակիցներն ուզում էին ակցիան նստացույցով շարունակել, սակայն նրանց համոզեցին հեռանալ

Հայկական ընդդիմության հանրահավաքը հիասթափեցրեց ներկաների մեծամասնությանը: Երևանի կենտրոնական փողոցներով ընթացած երթից հետո ցուցարարները վերադարձան Ազատության Հրապարակ և պահանջեցին բողոքի ակցիան շարունակել նստացույցով: Սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին հաջողվեց մարդկանց համոզել վերադառնալ տուն` կոչ անելով կրկին հավաքվել մայիսի 31-ին: Շատերը լքելով հրապարակը` ի լուր ամենքի հայտարարեցին, որ այլևս չեն գալու ընդդիմության հանրահավաքներին:

2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո 3 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն արմատական ընդդիմությանը թույլ տվեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ընդհանուր առմամբ հանրահավաքին 6-7 հազար մարդ էր մասնակցում` ավելի քիչ, քան ընդդիմության նախորդ հանրահավաքներին: Այս անգամ ընդդիմադիրների և ոստիկանների միջև ընդհարումների մասին չհաղորդվեց: Օրվա ընթացքում բազմիցս լուրեր էին հայտնվում այն մասին, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Հայաստանի նախագահի նստավայրը: Սակայն արդյունքում երթը, որը, այնուամենայնիվ, կայացավ, ընթացավ բոլորովին այլ ճանապարհով` Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության Հրապարակ – Ազատության հրապարակ:

ՖՈՏՈՇԱՐՔ