29 ապրիլի 2011 - 16:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տաթևի վերածննդի համար նվիրատվությունների արշավի երկրորդ հաղթողը ժամանել է Հայաստան

Ապրիլի 27-ին Հայաստան են ժամանել «Տաթևի վերածնունդ» ծրագրի համար «i-Buy» նվիրատվությունների արշավի հաղթողներ Ջուլիա և Ռոման Մոկլիները Շվեյցարիայից: Օնլայն նվիրատվության միջոցով Ջուլիա Մոկլին շահել է երկու անձի համար նախատեսված ուղևորություն դեպի Հայաստան, որի արժեքն է 5000 դոլար: Այն տրամադրում է ամբողջական զբոսաշրջային փաթեթ՝ ներառյալ ճանապարհածախսն ու բնակության ծախսը, ինչպես նաև այցելություն Տաթև:

Ջուլիա Մոկլիին Հայաստան է հրավիրել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Ջուլիա Մոկլին, նա իմացել է i-Buy նվիրատվությունների արշավի մասին ընկերության տնօրենից, որտեղ աշխատում է: Ըստ նրա, նա ևս ցանկանում էր մասնակցել, սակայն խնդիրներ ուներ կրեդիտ քարտի հետ կապված: «Ես շատ հուզվեցի,երբ իմացա, որ հաղթել եմ»,-ասել է նա: Մոկլին նաև հայտնել է, որ արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում, աշխատել է շվեյցարական ոչ կառավարական կազմակերպության բաժանմունքում: Նա ասել է, որ հաղթանակն այս ձեռնարկում հնարավորություն տվեց նրան Հայաստանը ներկայացնել իր ընկերոջը: «Ես արդեն եղել եմ Տաթևում: Այնտեղ շատ գեղեցիկ էր, այնտեղի բնությունը շատ գեղեցիկ է»: Նա նշել է, որ անպայման խորհուրդ կտա իր ընկերներին այցելել Հայաստան:

50 մլն դոլար ընդհանուր արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրն ուղղված է համալիրի նշանակության բարձրացմանը նրա վանական ու զբոսաշրջային բաղադրիչների համատեղման միջոցով, ինչպես նաև Տաթևը գրավիչ զբոսաշրջային վայրի վերածմանը:

ՖՈՏՈՇԱՐՔ