16 փետրվարի 2001 - 22:45 AMT
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՇԵՎԱՐԴՆԱԴԶԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Վրաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Ավթանդիլ Նապետվարիդզեն այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցում նպատակաուղղված եւ աբսուրդային ապատեղեկացում է անվանել ռուսաստանյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները այն մասին, թե իբր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեն վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել թուրքական իշխանությունների, բանակային վերնախավի եւ, մասնավորապես, Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Սեիֆ Թաշանի հետ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ դավադրություն կազմակերպելու եւ Հայաստանի նկատմամբ թուրք-վրացական ճնշում գործադրելու վերաբերյալ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Ավթանդիլ Նապետվարիդզեի խոսքերով, նման «զառանցանքները» չեն համապատասխանում իրականությանը: Անկարայում Էդուարդ Շեւարդնադզեն իսկապես բանակցություններ է վարել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, որոնց ընթացում խոսվել է հակամարտությունների կարգավորմանը ուղղված երկու պետությունների համագործակցության մասին: Նապետվարիդզեն հայտարարել է, որ Վրաստանը ամենաբարեդրացիական հարաբերություններն ունի Հայաստանի հետ, եւ երբեք որեւէ ապակառուցողական քայլի չի դիմի նրա կամ այլ երկրի նկատմամբ: «Իսկ Սեիֆ Թաշանին նախագահ Շեւարդնադզեն ընդհանրապես չի հանդիպել», - հայտարարել է դիվանագետը: