29 ապրիլի 2011 - 19:56 AMT
Հայաստանը Ժնևում Գրքի և մամուլի 25-րդ միջազգային սալոնի պատվավոր հյուրն է

Ապրիլի 29-ին Ժնևում բացվեց Գրքի և մամուլի 25-րդ միջազգային սալոնը, որը գրականության ու գրահրատարակչության ամենահեղինակավոր իրադարձություններից է աշխարհում: Այս տարի սալոնի պատվավոր հյուրը Հայաստանն է: Դրա համար երկու առիթ կա. Հայաստանը նշում է հայկական տպագրության 500-ամյակը և 2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Միջոցառմանը ներկա էր նաև Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, որը հյուրերին պատմեց Հայաստանի հազարամյա քաղաքակրթության, քրիստոնության ընդունման և հայկական գրքերի մասին: «Երկու ամենահին գրքերը, որ աճուրդում էի գնել, մի քանի տարի առաջ նվիրեցի մատենադարանին, ափսոս են հազվագյուտ իրերը, որ մնան անհանտներին ձեռքին, դրանք պետք է նվիրել, որպեսզի բոլորը տեսնեն: Պետք է ժողովրդականացնել մեծ գործերը»,- նշել է Ազնավուրը:

Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Պասկալ Կուշպենն իր հերթին ասաց, որ այսօր հայությունը վերածնվում է հակառակ պատմության թողած դժվարություններին: «Հույս ունեմ, որ կկարողանաք դրանք հաղթահարել ու հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը վերածնունդ կապրի և կբարգավաճի»,- ընդգծեց նա: Նրա խոսքով, Յուրաքանչյուր շվեյցարացի կապված է Հայաստանի ու հայության հետ հոգևոր ամուր կապերով և Ժնևի սալոնում Հայաստանին` որպես պատվո հյուր ընդունելը հայ-շվեյցարական համերաշխության նշան է», - ասում է Շվեյցարիայի նախկին նախագահը:

Ժնևի կանտոնի մշակույթի նախարար Շառլ Բեերն իր հերթին ասել է, որ իր հոր կողմից տատիկը հայ էր` Ստեփան Զորյանի դուստր Թագուհի Զորյանն էր: Նրա խոսքով, ինքն իր տատիկի կողմից է դաստիարակվել և շատ լավ տեղյակ է եղել հայ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին:

Ժնևի սալոնում հայկական մշակույթը ներկայացված է ոչ միայն հայերեն, այլև եվրոպական լեզուներով: Սալոնում ակնկալում են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը, որը պաշտոնական այցով Շվեյցարիայում է գտնվելու մայիսի 2-ից 3-ը: