29 ապրիլի 2011 - 21:04 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարները

Ապրիլի 29-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարներին: Զրուցակիցները մասնավորապես կանգ են առել սոցիալ-տնտեսական խնդիրների, կոռուպցիայի հաղթահարման, լեգիտիմ իշխանության ձևավորման մեխամիզմների, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրների վրա:

Քննարկվել է նաև ԵՄ-Հայաստան խորհրդակցական մշտական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: