16 փետրվարի 2001 - 19:53 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՏՈՒՂԱՐԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՄԱՐ
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Եւրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը մարդու իրավունքների բնագավառի երեք անկախ փորձագետ կուղարկի Հայաստան եւ Ադրբեջան` քաղաքական հետապնդումների եւ քաղբանտարկյալների դեպքերի բացահայտման համար: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Եվրախորհրդի մամլո-ծառայությունից:
Դա տեղի կունենա երկու երկրներում կատարվող գործընթացների դիտարկման միջոցառումների շրջանակներում:
«Մեկ քաղբանտարկյալը արդեն չափազանց շատ է»,- հայտարարել է Շվիմերը Եւրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի եւ Նախարարների Կոմիտեի արտահայտած ահազանգերին ի պատասխան:
Հիմնվելով օբյեկտիվ չափանիշների եւ Եւրախորհրդի ու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ստանդարտներին, փորձագետները պետք է կարծիք հայտնեն, արդյոք կոնկրետ անձիք Հայաստանում եւ Ադրբեջանում կարող են համարվել քաղաքական բանտարկյալներ եւ արդյոք օրինական է նրանց ներկայացված մեղադրանքը:
Փորձագետները հաշվետվությունը կներկայացնեն մինչեւ սույն թվականի հունիսի 30-ը: