Մայիսի 2-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին ջերմոցային տնտեսությամբ, մասնավորապես` պոմիդորի արտադրությամբ զբաղվող ձեռներեցները: Նրանք խնդրել էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին` մասնակցել ակցիային և ականջալուր լինել իրենց խնդիրներին: Բարձրացված հարցերին ծանոթանալուց հետո Ա. Մարտիրոսյանն առաջարկեց նրանց ներկայացուցիչներից 4-ի հետ միասին հանդիպել ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ:
Պատվիրակությանն ընդունեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Ձեռներեցներին հուզող հարցերը վերաբերում էին ներքին արտադրողի իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` շուկայում անհավասար մրցակցության պայմաններին` Թուրքիայից չմաքսազերծված պոմիդորի ներմուծմանը, բանկերի տոկոսադրույքներին, արտադրելու ընթացքում իրենց սպառած էներգիային` գազին և այլն:
Հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրները լսելուց հետո Դավիթ Սարգսյանը խոստացավ առաջիկայում տեղյակ պահել, թե Կառավարությունը ինչպես է տեսնում խնդիրների լուծման եղանակները: