2 մայիսի 2011 - 16:17 AMT
Մեսխեթցի թուրքերը հուսով են, որ 2012թ. կսկսեն վերադառնալ Վրաստան

Մեսխեթցի թուրքերի Վրաստան հայրենադարձությունը հավանաբար կսկսվի եկող տարվա հունվարից: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ստեղծված «Սամշոբլո» (Հայրենիք) ընկերակցության ղեկավարներից մեկը՝ Շամսադդին Սարվարովը: Ըստ նրա, ԵԽ առջև Վրաստանի ստանձնած պարտավորության ժամկետը լրանում է այս տարի, թեև, ըստ պարտավորության պայմանների, հայրենադարձության ժամկետները կերկարացվեն: «Մենք հուսով ենք, որ տարիներ անց կվերադառնանք մեր պատմական հողերը»,-հայտարարել է Սարվարովն ըստ վրացական մամուլի:

Մեսխեթցիները ցանկանում են վերադառնալ Ջավախք, որտեղից նրանց բռնագաղթել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Վրաստանի կառավարությունը, խոստանալով չբնակեցնել թուրքերին հայաբնակ Ջավախքում, իրականում, արտոնություններ է տրամադրում նրանց Թբիլիսիի համալսարանի Ախալցիխեի մասնաճյուղում սովորելու համար: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, ջավախահայերը բողոքելու են մեսխեթցի թուրքերի վերադարձի դեմ և խորհուրդ կտան որպես բնակության մշտական վայր ընտրել Քվեմո Քարթլին, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրում: