2 մայիսի 2011 - 17:34 AMT
ՆՓԱԿ-ում կբացվի թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքի անհատական ցուցահանդեսը

Մայիսի 5-ին Նորար Փորձառական Արվեստի Կենտրոնում բացվելու է թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքի անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի խորագիրն է` «Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ»: Էբրուն թղթի մարմարապատման թուրքերեն արտահայտությունն է, որով թուղթը գունազարդվում եւ գործածվում է որպես գրքերի ներքին շապիկ եւ կալիգրաֆիայի ֆոն:

Աթթիլա Դուրաքի նպատակն է ճանաչել Անատոլիայի մշակութային հարստությունը և նպաստել, որ տարբերությունների պատճառով իրար որպես «ուրիշ» ընկալող մարդիկ սկսեն իսկապես տեսնել իրար, եւ նրանց էթնիկ ինքնությունից անկախ ստեղծվի այնպիսի հարթակ, որի վրա հնարավոր լինի երկխոսություն վարել:

Էբրու նախագծի շրջանակներում տպագրվել է «Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ» գիրքը, որը մինչ օրս թարգմանվել է երեք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Հայաստանում բացվելիք ցուցահանդեսի շրջանակներում Էբրու գրքի տեքստերը թարգմանվել են հայերեն և գրքի հետ միասին ներկայացվելու են ցուցահանդեսում:

Լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը ծնվել է 1967 թվականին Թուրքիայի Գյումուշհանե քաղաքում: Միջին արեւելյան տեխնիկական համալսարանի տնտեսգիտության բաժինը ավարտելուց հետո« կատարել է լուսանկարչական աշխատանքներ և աշխատել Ստամբուլի եւ Լեո Բուռնեթ ընկերություններում: 1997 թ-ից ապրում և աշխատում է Նյու-Յորքում, և շարունակում է Նյու Յորքի Լուսանկարչության միջազգային կենտրոնում, Վիզուալ արվեստների դպրոցի լուսանկարչության բաժնում եւ Նյու-Յորքի Հանթեր քոլեջի գեղարվեստի բաժնում: