Ֆրանսիայի թուրքերը մտահոգված են մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատում նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի քննարկման կապակցությամբ: Ֆրանսիայի Թուրքական ընկերակցությունների համակարգող կոմիտեն, Օվեռնիի մահմեդականների տարածաշրջանային խորհուրդն ու Լիոնի թուրքական մշակութային կենտրոնը նամակ են հղել Ֆրանսիայի Սենատ, որում սենատորներին կոչ են անում նկատի ունենալ հնարավոր «բացասական հետևանքները ֆրանս-թուրքական հարաբերությունների համար»:
«Խոսքը գնում է պատերազմից տուժած տարածաշրջանում երկու երկրների հարաբերությունների զարգացման մասին: Մենք կոչ ենք անում խոչընդոտել Ֆրանսիայում թուրքերի և հայերի միջև դիմակայության ստեղծմանն ուղղված գործողություններին»,- նշվում է նամակում: Նամակի հեղինակները նշում են, որ քննարկելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, ֆրանսիական սենատորները «գերազանցում են իրենց լիազորությունները»:
«Մայիսի 4-ի քննարկումները «կհարվածեն աշխարհին»: Մի' մոռացեք, որ Կովկասը սահմանակցում է Եվրոպայի հետ»,- ասվում է Ֆրանսիայի թուրքերի ուղերձում, հաղորդում է turquie-news.fr-ը: