
«Արարատ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Արա Հակոբյանը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա է դիմել` խնդրելով Արկադի Անդրեասյանի վերաբերյալ որևէ որոշում չընդունել, քանի դեռ հետաքննությունն ավարտված չէ:
Ապրիլի 23-ին Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ընդմիջմանը «Արարատի» գլխավոր մարզիչ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը և նրան ուղեկցող անձինք ծեծել են totalfootball.am կայքի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին: Անդրեասյանը հարձակվել է լուսանկարչի վրա, ծեծել է նրան ու պահանջելէ ջնջել իր լուսանկարները: Ավելի ուշ Առուշանյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Առուշանյանը ուղեղի ցնցում է ստացել և ծնոտադիմային վնասվածք:
Իսկ ապրիլի 29-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն որոշել է 10 խաղով որակազրկել «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին, իսկ ակումբը պետք է 250 հազ. դրամի չափով տուգանք վճարի:
Հակոբյանի պնդմամբ, Առուշանյանը պետք է գրավոր դիմեր «Արարատ» և հավատարմագրություն ստանար ակումբի մասնակցությամբ հանդիպումները նկարահանելու համար:
Այս միջադեպի առնչությամբ Երևան քաղաքի ոստիկանության Շահումյանի բաժանմունքում քրեական գործ է հարուցվել, հետաքննությունն ընթանում է: