Մայիսի 4-ին Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, Ռուսաստանի դատական կատարածուների դաշնային ծառայության տնօրեն Արթուր Պարֆենչիկովը Երևանում բացել են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պատմության թանգարանը:
Թանգարանի բացումը նվիրվում է ծառայության հիմնադրման 13-ամյակին, որը նշվելու է մայիսի 5-ին: Պարֆենչիկովը նշել է, որ երկու երկրներն ընդհանուր պատմություն ունեն, որն իր ակունքներով սերում է 1865 թ. Ալեքսանդր 2-րդ կայսրի հրամանից, և ի պատիվ դրա նա թանգարանին նվիրել է կայսեր պատկերով հուշանվեր: Նա նաև նշել է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ Ռուսաստանում դատական կատարածուների մասին առաջին հիշատակությունն առնչվում է 14-րդ դարին: Պարֆենչիկովը խորհուրդ է տվել հայ գործընկերոջը նման հետազոտություն անցկացնել նաև Հայաստանում` համոզմունք հայտնելով, որ երկրի հնագույն պատմությունը հաշվի առնելով նման հիշտակումները կարող են բավական վաղեմի լինել:
Թանգարան այցելելուց հետո երկու երկրների դատական կատարածուները ճեպազրույց են տվել: Միհրան Պողոսյանը ծառայության գլխավոր ձեռքբերումը համարել է էլեկտրոնային կառավարման համակարգի ներմուծումը, ինչը թույլ է տալիս զգալիորեն արագացնել փաստաթղթատարության գործընթացը, ինչպես նաև նվազեցնել ծառայության աշխատողների ծանրաբեռնվածությունը: Իր հերթին Պարֆենչիկովը նշել է, որ երկու ծառայությունները շատ ակտիվ և արդյունավետ համագործակցում են միջազգային կառույցներում: Բացի դրանից նա հաղորդել է, որ Ռուսաստանում նույնպես ներմուծվում է նման համակարգ և Ռուսաստանին հետաքրքիր է այդ ոլորտում առկա հայկական փորձը:
Երկու տեսչությունների միջև ի նշան բարեկամության Պարֆենչիկովը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ եղևնի է տնկել: