Միջազգային հանրությունը երբեք չի սատարի Հարավային Կովկասում հակամարտությունների ռազմական լուծմանը: Այդ մասին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
«Միջազգային հանրության և մասնավորապես` ԵԱՀԿ հիմնական նպատակը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Միջազգային կազմակերպությունները երբեք չեն սատարի այդ խնդիրների ռազմական լուծմանը: Հենց այդ էի ես ասում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում իմ այցերի ժամանակ»,- ասել է Լիտվայի նախագահը:
Նրա խոսքով, Հայաստանը կարևոր է Լիտվայի համար` որպես տարածաշրջանում կայունացնող գործոն հանդես եկող երկիր: Ինչպես նշել է Դալյա Գրիբաուսկայտեն, չնայած ծանր պատմական անցյալին, հայ ժողովուրդն ի վիճակի է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները:
Լիտվայի նախագահն առանձնապես ընդգծել է, որ Լիտվան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում կանի ամեն ինչ հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար: