Մայիսի 8-ին Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Նախագահը շնորհավորել է ներկաներին երկրի ժողովրդի և պետության համար ամենաթանկ ու նվիրական տոներից մեկի՝ մայիսյան Եռատոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել մի խումբ երախտավորների:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, պաշտոնատար այլ անձինք: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունից ժամանած հյուրեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: