Մայիսի 9-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Այնուհետեւ նախագահներն այցելել են Շուշի քաղաք, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նրանք ներկա են գտնվել Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցված հանրապետական մաղթանքին:
Նույն օրը Բակո Սահակյանը ներկա է գտնվել նաեւ Եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած տոնական համերգին:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի Հանրապետության ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը, Սփյուռքի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր: