«Կարին» ազգագրական պարի համույթը, որը մասնակցել է Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում կայացած Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնին, Երևան վերադառնալու ճանապարհին տարանցիկ կանգառ է ունեցել Ստամբուլ քաղաքում: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: «Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մենք քոչարի ենք պարել: Հրապարակում հիմնականում զբոսաշրջիկներ էին հավաքված: Բոլորի համար դա անսպասելի էր և բոլորը հարցնում էին, թե ինչ է կատարվում: Մենք այդ պարը պարեցինք, քանի որ դա մեր հաղթական պարն է՝ Երկրորդ աշխարհամարտում հայերը Բեռլինում քոչարի են պարել, Շուշիի ազատագրման ժամանակ ևս պարել ենք այդ պարը: Ստամբուլում մեր պարը խորհրդանշում էր ազգի վերածնունդը, որը Ցեղասպանությունից հետո շարունակում է ապրել»,-ասաց լրագրողներին Գինոսյանը:
Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը տեղի է ունեցել ապրիլի 26-30-ն Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում, որին այս տարի Հայաստանը ներկայացրել է «Կարին» ժողովրդական պարերի համույթը, ով էլ արժանացել է առաջին մրցանակի «լավագույն պար» անվանակարգում, իսկ«լավագույն երաժշտություն» անվանակարգում գրավել երրորդ տեղ: Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը մեծ պատմություն ունի: Փառատոնը առաջին անգամ անց է կացվել Գերմանիայի Մյունխեն քաղաքում 1985 թվականին, որին մասնակցել են 67 երկրների ներկայացուցիչներ: 1987 թվականից փառատոնը անց է կացվում Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում: