Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սաիդ ալ Մանսուրիի հետ:
Ինչպես հաղորդում է ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, կողմերը քննարկեցին առևտրատնեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սաիդ ալ Մանսուրին նշեց, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների և, մասնավորապես, Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման համար նա հեռանկարային համարեց զբոսաշրջության, ջրերի, սննդամթերքի արտադրության ոլորտները:
Փոխվարչապետն իր հերթին ընդգծեց փոխգործակցության զարգացման հայկական կողմի պատրաստակամությունը` հույս հայտնելով, որ Դուբայում ընթացող ԱՄԷ առաջին ներդրումային համաժողովը կնպաստի նոր կապերի հաստատմանը, կնախանշի համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները: Արմեն Գևորգյանը Սաիդ ալ Մանսուրիին հրավիրվեց Հայաստան` տեղում համագործակցության հեռանկարներին ծանոթանալու համար: