Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մայիսի 10-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա շրջանի պատվիրակության և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հետ:
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը և նշել այն ուղղությունները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ներդրումների համար:
Գնահատելով իտալական քաղաքաշինական մշակույթը` քաղաքապետն առաջարկել է քննարկել համատեղ ճարտարապետական դիզայնի կենտրոնի ստեղծման նախագիծը, ինչպես նաև դիտարկել առողջապահության, աղբահանության, կանաչապատման և քաղաքային տնտեսության կառավարման այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության մեխանիզմները:
Կարեն Կարապետյանի համոզմամբ` հարաբերություններին նոր թափ հաղորդելու բոլոր նախադրյալները կան. «Մենք պատրաստ ենք ձեր այցի ընթացքում կոնկրետ ծրագրեր քննարկել և աշխատանքային կարգով տեղեկատվություն փոխանակել»,- նշել է քաղաքապետը:
Շրջանի նախագահ Տոնդո Ռենցոն, խոսելով տարիների արդյունքում ձևավորված հայ-իտալական գործուն հարաբերությունների մասին, պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել գործակցությունը փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Պատվիրակության կազմում ընգդրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, ինչը, պատվիրակության ղեկավարի կարծիքով, լավ հարթակ է գործարար շփումների համար: «Այս օրերի ընթացքում կգրանցենք գործակցության բոլոր հնարավորությունները և, իտալացի գործարարների մտադրությունների հետ համադրելով, երկխոսության լավ արդյունք կստանանք»,- ասել է պատվիրակության ղեկավարը: