Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն հաստատել հարևան երկրների հետ «Արևելյան գործընկերության» շրջանակներում առանց նախապայմանների: Այդ մասին հյատարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը Երևանում մեկնարկած «Եվրամիության դերը Հարավային Կովկասում. համագործակցությունից դեպի գործընկերություն բարեփոխումների միջոցով՝ մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով սեմինարի ժամանակ:
Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը, Հայաստանը կարևորում է «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը, հատկապես տարածաշրջանային համագործակցության հաստատման, երկխոսության ու վստահության մթնոլորտի տեսակետից: Սակայն, Կարինե Ղազինյանը ափսոսանքով է նշել, որ կան երկրներ, որոնք չեն ելնում տարածաշրջանային համագործակցության սկզբունքից և չեն նպաստում ԵՄ ջանքերին:
Կարինե Ղազինյանն ասել է, որ «Արևելյան գործընկերության» մեկնարկով Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները բարձրանում են որակապես նոր մակարդակի վրա՝ զգալի առաջընթաց գրանցելով երկկողմ հարաբերություններում: