Մայիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ: Նախարարը կարեւորեց հայ-իրանական համագործակցությունը` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:
Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի բանագնացը քննարկեցին մարտին Հայաստանի եւ Իրանի Նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին կարեւորեցին հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում, որի նիստը նախատեսւոմ է անցկացնել մոտ ժամանակներս օրերին Թեհրանում:
Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: