Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում քննարկել է Գարեգին Նժդեհի ձիարձան-հուշարձանի` նույնանուն հրապարակում տեղադրման և Երևան քաղաքում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման առաջարկները։
Նիստը վարել է խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Առաջին հարցի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում խորհրդի անդամները տարբեր կարծիքներ են արտահայտել ինչպես ձիարձանի գեղագիտական, այնպես էլ արձանի տեղադրման ճարտարապետական լուծումների առնչությամբ։
Քաղաքապետն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո։
Գեղարվեստի խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման հարցին։
Առաջարկված երկու տեղերից խորհուրդը հավանություն է տվել արձանը Աբովյան փողոցում` նախկին մանկական հանրախանութի հարակից տարածքում, բարերարի միջոցներով կառուցված «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հարևանությամբ տեղադրելու առաջարկին։