Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության ժամանակ: «Ըստ մեզ` 2010 թվականին իրականացված ծրագրերի ամենազգալի արդյունքը կայանում է նրանում, որ այն հակաճգնաժամային միջոցառումները, որ մենք իրականացրել էինք 2009-2010 թվականների ընթացքում, սկսեցին տալ իրենց դրական արդյունքները: 2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգնման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ և հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո»,- ասել է ՀՀ վարչապետը:
«Մասնավորապես, էապես բարելավվել են ենթակառուցվածքները` կատարելով մեծածավալ պետական ներդրումներ: Երկրորդը` բարելավվել է բիզնես միջավայրը և առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար, ինչպես նաև խթանել կոնկրետ ծրագրեր, որոնք բերելու են մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանի բարձրացմանը:
Այդ տեսակետից ես կցանկանայի անդրադառնալ մակրոտնտեսական ցուցանիշներին, որ մենք արձանագրեցինք 2010 թվականի ընթացքում:
Այսպես` համախառն ներքին արդյունքի աճը ծրագրավորված 1.2 տոկոսի փոխարեն կազմեց 2.1 տոկոս, ընդ որում` 2010 թվականի վերջին գնաճի մակարդակը կազմել է 9.4%, որի պայմանավորող հիմնական գործոնները երկուսն են` հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային գների բարձրացումը և նախորդ տարի գյուղատնտեսական ապրանքների առաջարկի աննախադեպ անկման հետևանքով վերջիններիս բարձր գների պայմանները: Նշված գնաճի 5 տոկոսային կետը եղել է ի հաշվի գյուղմթերքների գների աճի, իսկ 2.4 տոկոսային կետը` ներմուծվող ապրանքների գների աճի»,- ասել է Տիգրան Սարգսյանը: