Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը` կապված արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ոլորտների ֆինանսավորման հետ:
Ոլորտների ֆինանսավորման հիմնական ուղղություններին անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ առանձին ոլորտներին վերաբերող բյուջետային հատկացումներն ու կատարված ծախսերը ներկայացրին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
Հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեության բնագավառներին ՀՀ 2010 թ. պետական բյուջեից տրամադրվել է 67.4 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 97.9%-ը: Ծրագրի շեղումը հիմնականում պայմանավորված է ոստիկանության որոշ ծրագրերի համեմատաբար ցածր կատարողականով:
2009 թ. համեմատ ոստիկանության ծախսերը գրեթե չեն փոփոխվել: Հասարակական կարգի պահպանության ապահովման համար նախատեսված ծախսերը կատարվել են ամբողջությամբ` կազմելով 22.5 մլրդ դրամ եւ 5.8% ով զիջելով 2009 թ. ցուցանիշը: 2010 թ. ընթացքում Ազգային անվտանգության բնագավառին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 11.9 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.8% ը: 2009 թ. համեմատ Ազգային անվտանգության ծախսերը նվազել են 6.8%-ով կամ 869.5 մլն դրամով: Մասնավորապես, 9.7 մլրդ դրամ հատկացվել է ազգային անվտանգության ապահովման ծրագրի ֆինանսավորմանը, որը կազմում է նախատեսվածի 100 տոկոսը:
Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով հաշվետու տարում ծախսվել է 4.3 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.9%-ը: 2009 թ. համեմատ նշված ծախսերը նվազել են 1.3%-ով: