Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, հերքել է իր և այաթոլա Ալի Համենեիի միջև տարաձայնությունների մասին ենթադրությունները: Ահմադինեժադն ընդգծել է, որ Համենեին իր համար «հոր նման է»: Միաժամանակ, Իրանի նախագահը չի հիշատակել հետախուզության հարցերով նախարար Հեյդար Մոսլեհիին հեռացնելու հետ կապված պատմությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հենց Ահմադինեժադի այդ որոշման և հետագայում նախարարի պաշտոնը վերականգնելու այաթոլա Համենեիի հրամանի հետ կապված երկրի ղեկավարությունը սկսել է խոսել տարաձայնությունների մասին:
Տարաձայնությունների հնարավոր ապացույց են համարել այն, որ Ահմադինեժադը մի քանի օր չի հայտնվել իր աշխատասենյակում:
Ապրիլի սկզբին Ահմադինեժադը ստիպված էր հեռացնել իր մեկ այլ քաղաքական դաշնակցի: Պաշտոնից ազատվել է նաև Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Ռահիմ-Մաշաին: