23 մայիսի 2011 - 13:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Կարապետյան. Իշխանությունների ու ՀԱԿ-ի երկխոսությունը հիշեցնում է խուլ ու համրի խոսակցություն

Իշխանությունների ու ՀԱԿ-ի երկխոսությունը հիշեցնում է խուլ ու համրի խոսակցություն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Նա նշել է, որ ըստ ՀԱԿ-ի հայտարարության, իշխանությունների հետ քաղաքական երկխոսության հիմնական նպատակն է արտահերթ ընտրությունների անցկացումը, այն դեպքում, երբ իշխանությունների ներկայացուցիչները բացառում են նման հնարավորությունը: Այդ կապակցությամբ Կարապետյանը նշել է, որ ինչպես ցույց է տալիս փորձը, իշխանությունները զիջման են գնում երկու դեպքում՝ երբ զիջումները շահավետ են իրենց համար, կամ միջազգային հանրության ճնշման ներքո: Նա հավելել է, որ եթե քաղբանտարկյալների ազատ արձակման ու Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման հարցում նման ճնշում եղել է, ապա արտահերթ ընտրությունների հարցում չի եղել:

Արամ Կարապետյանը հայտնել է նաև լրագրողներին, որ իր կուսակցությունը մտադիր է մասնակցել ապագա խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն, սակայն չի բացառել միությունն այլ ուժերի հետ: Այդ առնչությամբ նա նշել է, որ քննարկումներ ու բանակցություններ են գնում մի շարք քաղաքական ուժերի հետ, այդ թվում Ռամկավար ազատական ու Հնչակյան կուսակցությունների հետ: Կարապետյանն ընդգծել է, որ իր կուսակցության համար առաջնահերթությունը արտահերթ ընտրություններն են, թեև «Նոր ժամանակները» կմասնակցեն նաև հերթական ընտրություններին: Ինչ վերաբերում է համագործակցությանը ՀԱԿ-ի հետ, ապա, ըստ Կարապետյանի, դա հնարավոր է միայն հեղափոխական իրավիճակի դեպքում, սակայն ոչ ընտրությունների:

ՖՈՏՈՇԱՐՔ