23 մայիսի 2011 - 14:32 AMT
ԱԺ խոսնակը վստահ է, որ արտահերթ ընտրությունները բացասաբար կազդեն Հայաստանի հեղինակության վրա

Ցանկացած արտահերթ ընտրություն` խորհրդարանական ,թե նախագահական, բացասաբար է ազդում երկրի հեղինակության վրա: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: «Մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մնացել է ընդամենը մեկ տարի, և ես կոչ եմ անում երկրի բոլոր քաղաքական ուժերին, հատկապես ընդդիմությանը, պատրաստվել հերթական խորհրդարանական ընտրություններին: Իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք (ընդդիմությունը) արտահերթ ընտրություններին: Դա նրանց խնդիրն է: Մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին, որոնք լինելու են 2012-ի մայիսին»,- ասել է ԱԺ նախագահը:

Հայկական արմատական ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, հայտարարում է, որ իշխանությունների հետ երկխոսության գլխավոր նպատակն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է: