Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը հաղթել է Օռլովում (Չեխիա) տեղի ունեցած կայծակնային շախմատի մրցաշարում: Մրցաշարին մասնակցել է 33 շախմատիստ, Միրումյանը հավաքել է 10 միավոր 11 հնարավորից և գերազանցելով Ալեքսեյ Կիսլինսկուն (Ուկրաինա) գրավել է առաջին տեղը:
Օռլովում շարունակվում է դասական շախմատի միջազգային մրցաշարը, որտեղ Միրումյանը երեք տուրից հետո 3 միավորով առաջին տեղն է գրավել 33 մասնակիցների թվում:
Կանանց մրցաշարում Եվգենիա Դոլուխանովան (Ուկրաինա) բոլոր երեք պարտիաներում հաղթանակ է տարել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Իսկ Բեյրութում (Լիբանան) ավարտվել է միջազգային բաց մրցաշարը, որտեղ հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 7 միավորով երկրորդ տեղն է գրավել: Քոթանջյանը ընդամենը կես միավոր զիջեց Ալեքսեյ Բարսովին Ուզբեկստանից, հայտնում է armchess.am-ը: