24 մայիսի 2011 - 17:25 AMT
Facebook-ում դժգոհ են Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակումից

Նարեկ Սարգսյանի նշանակումը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում դժգոհություն է առաջացրել Facebook սոցիալական ցանցից հայաստանյան օգտվողների շրջանում: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի անձնական էջում երևանցիները հաղորդագրություններ են թողել, որոնցում իրենց անհամաձայնությունն են հայտնել Սարգսյանին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակելու փաստին: «Նարեկ Սարգսյանի նշանակումը պատուհաս է Երևանի համար: Նա նման է անտաղանդ ու անշնորհք պլաստիկ վիրաբույժի, ով պատրաստ է հանուն սեփական շահի այլանդակել անգամ ամենագեղեցիկ դեմքը»,- գրել է Երևանի քաղաքացիներից մեկը: Facebook-ից շատ հայաստանյան օգտվողներ մտավախություն են հայտնել, որ Սարգսյանը միայն կփչացնի քաղաքի արտաքին տեսքը և մայրաքաղաքում կանաչ գոտիներ չի թողնի:

Երևանի քաղաքապետը չի ուշացրել պատասխանը և իր էջում հետևյալ հաղորդագրությունն է թողել. «Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել»։