Մայիսի 26-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա կապակցությամբ կառավարության շենքում վերջին դասն է անցկացրել Երևանի և մարզերի մի շարք դպրոցների աշակերտների համար: Միջոցառման ընթացքում Սարգսյանը ներկայացրել է կառավարության ձևավորման սկզբունքները և նշել հինգը, այդ թվում` ժամանակին համընթաց քայլելու անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, ժամանակակից աշխարհում ամեն ինչ արագ փոխվում է և կառավարությունը, մշակելով իր ծրագիրը առաջիկա հինգ տարվա համար, պետք է հաշվի առնի հնարավոր փոփոխությունները, քանի որ հակառակ դեպքում ծրագիրն արդյունավետ չի լինի: Որպես երկրորդ սկզբունք Տիգրան Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկրում տեղի ունեցող փոփոխություններ ազդում են նաև այլ երկրների վրա: Նա օրինակ է բերել Լիբիայում տեղի ունեցող դեպքերը, որի արդյունքում թանկացել է նավթը, ինչը բացասական է ազդել Հայաստանի վրա: Ըստ վարչապետի, երրորդ սկզբունքը գիտության զարգացման սկզբունքն է: Նրա խոսքերով, աշխարհում առաջատար են այն երկրները, որտեղ զարգացած է գիտությունը:
Խոսելով մյուս երկու սկզբունքների մասին` վարչապետը նշել է մարդու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, որպեսզի նա կարողանա զարգացնել իր գործունեությունը և ազգային ինքնության պահպանման կարևորությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: