26 մայիսի 2011 - 12:03 AMT
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչել են կոմիտասյան մեղեդիների դաշնամուրային իմպրովիզացիաներ

Մայիսի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ կոմիտասյան համերգ-դասախոսություն, որը կազմակերպել էր հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետ համատեղ:

Միջոցառմանը հրավիրված էին նաև Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ:

Համերգ-դասախոսությունը հակիրճ խոսքով բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը:

Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից լավագույն նմուշներ ջութակի (Լուսինե Հարությունյան) և դաշնամուրի (Արփինե Կալինինա) փոխադրությամբ , ինչպես նաեւ դաշնամուրային իմպրովիզացիա` կոմիտասյան մեղեդիների հիման վրա:

«Կանթեղ» համույթը, (հիմնադիր և գեղարվեստական ղեկավարը,ռուսական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Ա.Կալինինա) նպատակ ունի լայն հանրությանը` հատկապես երիտասարդներին, հասու դարձնել հայ դասական երաժշտության գանձերին` Կոմիտասից մինչեւ արդի հայ երգահաններ: