ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:
«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ձևական ընդունումը, աջակցություն ցուցաբերել հաշտության պայմանագրի մշակմանը և ապա օժանդակել դրա կատարումը մեր միջազգային գործընկերների հետ համատեղ»,- նշվում է հայտարարության մեջ:
«Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է խաղաղության, կայունության և հաշտության հանգեցնել` հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ: Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը «համոզված են, որ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը քայլ կատարեն դեպի խաղաղ կարգավորումը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ դիմակայության և անկայունության ներկայիս իրադրության ստեղծմանը հանգեցրել է ուժի կիրառումը: «Դրա կրկնակի կիրառումը միայն նոր տառապանքներ և սնանկություն կբերի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ ենք տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- նշել են նախագահները:
Նրանք արձանագրել են, որ «երկու կողմից, ինչպես նաև բոլոր մակարդակներում գործադրված ջանքերի արդյունքում համանախագահ երկրները զգալի առաջընթացի են հասել»: «Մարտի 5-ին Սոչիում քննարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակն արդար և հավասարակշռված հիմք է դնում համապարփակ հաշտության պայմանագիր պատրաստելու համար»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ: Համանախագահների կարծիքով, այդ փաստաթուղթը «կողմերին հնարավորություն է ընձեռում հաղթահարելու ներկայիս անհաղթահարելի իրադրությունը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: