Օրենսդրության թերությունները կրոնական կառույցների մասով թույլ են տալիս նրանց առավել համարձակ գործել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է սբ. Հովհաննես եկեղեցու քահանա Շմավոն Ղևոնդյանը: Ըստ նրա, ՀՀ օրենքի համաձայն, այսօր հրապարակային քարոզի իրավունք տրված է միայն ՀԱԵ-ին: «Մյուս կրոնական կառույցներն իրավունք չունեն քարոզ անելու: Սակայն, այսօր մենք տեսնում ենք, որ տարբեր կրոնական կառույցների ներկայացուցիչներ չեն ենթարկվում օրենքին»,-ասել է նա: Որպես օրինակ, քահանան բերել է մայիսի 26-ին Շիրակի փողոցում «Եհովայի վկաների» կազմակերպած երթը: «Այնուամենայնիվ, այդ մարդկանցից ոչ ոք չպատժվեց օրենքը խախտելու համար»,-ասել է նա:
Իր հերթին «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը պարզաբանեց, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս միայն գրանցել կրոնական կառույցները, սակայն, չկան նրանց գործունեությունը սահմանափակող օրենքներ: «Հայաստանում ոչ մի կառույց աղանդների վերահսկողությամբ չի զբաղվում»,-ասել է նա՝ հավելելով, որ կրոնական կառույցները Հայաստանում դարձել են պետություն պետության մեջ: