30 մայիսի 2011 - 12:38 AMT
ԿԱՐԾԻՔ
«Գոհար»-ի աննախադեպ համերգն ապացուցեց` Երևանում հնարավոր է կազմակերպել որակյալ միջոցառում

Երևանցիները դեռ երկար կհիշեն «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի երևանյան աննախադեպ համերգը: Եվ իրոք, հիշելու և տպավորվելու շատ բան կար: Մայիսի 28-ի երեկոն իրոք տոնական էր երևանցիների համար ոչ միայն Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ, այլ նաև այն առիթով, որ մեր համաքաղաքացիները երկար ընդմիջումից հետո վերջապես իսկական համերգային ծրագրի ականատեսն ու մասնակիցը եղան, համոզվեցին, որ մեր քաղաքում էլ հնարավոր է կազմակերպել զանգվածային միջոցառում որակյալ երաժշտությամբ, լուսաձայնային բացառիկ էֆֆեկտներով ու պատշաճ կազմակերպվածությամբ:

Համերգի կազմակերպիչները հաշվի էին առել յուրաքանչյուր մանրուք, անգամ եղանակային ոչ բարենպաստ պայմանները: Նախ նշենք, որ ի տարբերություն այլ մասսայական հավաքույթների, որոնց անգամ դժվարանում ես համերգ անվանել, «Գոհար»-ի համերգի ժամանակ արգելված էր խմիչք, սնունդ, արևածաղիկ համերգասրահի տարածք անցկացնելը: Մենք բոլորս էլ հիշում ենք, թե սովորաբար ինչ վիճակ է տիրում Երևանի կենտրոնում մեծ համերգներից հետո:

Երկրորդը` միջոցառման բոլոր մասնակիցներին անձրևից պաշտպանվելու համար նախապես բաժանվեցին անձրևանոցներ: Բացի այդ, կազմակերպիչները հոգացել էին նաև այն մաիսն, որ այցելուները կարողանան հեշտությամբ գտնել իրենց համար նախատեսված տեղերը. միանման զգեստներով գեղեցիկ հայուհիները ջանք չէին խնայում օգնելու այցելուներին` դրանով կարծես հատուկ շուք տալով միջոցառմանը:

Գովեստի է արժանի նաև «Գոհար»-ի և հայ էստրադայի ներկայացուցիչների մատուցած բարձրորակ երաժշտությունը: Ներկաների համար տպավորիչ էր հատկապես Օպերայի շենքին ցուցադրված 3D անիմացիան, որը նորյութ էր երևանցիներ համար: Իսկ համերգի ընթացքում օպերայի շենքի լուսագունային ձևավորումը վեր է ամեն գովեստից: Համերգի կազմակերպիչները միջոցառման ակտիվ մասնակից էին դարձրել նաև բոլոր ներկաներին` բաժանելով նրանց Կիլիկյան թագավորության դրոշներ:

Հաճելի է նաև փաստել, որ կազմակերպիչները հոգացել էին նաև այն մասին, որ տոնական համերգին հաղորդակից լինեն ոչ միայն Ազատության հրապարակում հավաքվածները, այլև հեռուստադիտողները: Ամբողջ համերգը հեռարձակվում էր ուղիղ եթերով`տոնական տրամադրությունը բերելով յուրաքանչյուր ընտանիք: Շուրջ 3 ժամից ավել տևած համերգն ավարտվեց գունեղ հրավառությամբ:

«Գոհարի» Երևանյան համերգը եկավ ապացուցելու, որ երևանցիները սիրում ու գնահատում են ազգային երգն ու երաժշտությունը, կարող են խնամքով ու հոգածությամբ վերաբերել մայրաքաղաքին, ու շնորհակալ լինել ամեն մի գեղեցիկ ու լավ նախաձեռնության համար: Այդ էր հուշում մարդկանց հոտնկայս ծափահարություններն ու «Գոհար, Գոհար» վանկարկումները:

Եկատերինա Պողոսյան/ Հայկ Խալաթյան / PanARMENIAN News