Տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանին մտահոգում են ենթաօրենսդրական ակտերի մի շարք դրույթներ, որոնք կանոնակարգում են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրագործումը: Մասնավորապես, նրա խոսքերով, օրենսդրության համաձայն, պետությունը պատասխանատվություն չի կրում մասնավոր ներդրումային կենսաթոշակային հիմնադրամների լուծարման դեպքում ի տարբերություն այլ երկրների, որտեղ դրանք ապահովագրված են: «Այդ մտավախությունները հնչել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ»,- ասել է նա և հավելել, որ խնդիրներից մեկն ընդունված օրենքների իրագործումն է, և այդ դեպքերը «եզակի չեն»:
Միաժամանակ, Թաթուլ Մանասերյանը նշել է, որ Հայաստանի պատրաստվածությունը բարեփոխումների իրագործմանն ավելի քիչ չէ, քան այլ երկրներինը, որոնք հաջողության են հասել այդ ուղղությամբ:
Իր հերթին սոցիալական հարցերով ՀՀ ԱԺ մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ 170 ենթաօրենսդրական ակտեր կանոնավորում են կառավարության և Կենտրոնական բանկի պատասխանատվությունը, հավելելով, որ Հայաստանում առկա է հասարակության տեղեկացվածության խնդիր կենսաթոշակային բարեփոխումների էության և իրագործման գործընթացի մասին, և այդ նպատակով վարչապետի հրավերով հանրապետություն է այցելել կենսաթոշակային բարեփոխումների «հայր» Խոսե Պինիերան` Չիլիի փորձը ներկայացնելու համար: