Մայիսի 30-ին Երևանում տեղի ունեցավ Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի նիստը:
Մասնակիցներին ողջունեց Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը: Նա ընդգծել է, որ առաջին Համահայկական խաղերին 1999 թ. մասնակցել են մարզիկներ 23 երկրների 62 քաղաքներից: «2007թ. մասնակցել են արդեն 27 երկրների 94 քաղաքների ներկայացուցիչներ: Ավելացել է նաև մարզաձևերի քանակը: Առաջին խաղերին մասնակցել է 7 մարզաձև, այժմ դրանց թիվը ավելացել է՝ հասնելով 10-ի»,-նշել է Գրիգորյանը:
Հավաքվածներին ողջունել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, իր ելույթում նա նշել է, որ Համահայկական խաղերը նպաստում են տարբեր հայ համայնքների մերձեցմանը և մեծ հայրենասիրական նշանակություն ունեն:
Նիստի մասնակիցներն ընտրել են խաղերի խորհրդանիշը՝ դա առյուծն է: Համահայկական խաղերի անցկացման համար, որոնք մեկնարկում են օգոստոսի 13-ին, պետական բյուջեից հատկացվել է 80 մլն դրամ: Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակման արարողությունը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: