«Ժառանգության» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը բացասական է գնահատում Հայաստանի բոլոր երեք նախագահների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ինչպես հայտարարել է Ալավերդյանը Երևանում մամլո ասուլիսում, այդ քաղաքականության արդյունքում հայ ժողովուրդը ստիպված եղել է պայքարել ինչպես սեփական իշխանությունների, այնպես էլ միջազգային հանրության դեմ: «Չեմ հավատում, որ ինչ-որ մեկը Հայաստանում կարող է Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքները, քանի որ դրա դեմ դուրս կգա ողջ հայ ժողովուրդը, ինչպես ժամանակին դուրս եկավ Արցախի պաշտպանության համար»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:
Իր հերթին, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ լիովին պաշտպանում է գործող նախագահի քաղաքականությունը, որին աջակցում է նաև միջազգային հանրությունը, այն է` ղարաբաղյան հիմնախնդրի լուծում բացառապես խաղաղ ճանապարհով: Մարգարյանը նաև հայտարարել է, որ «փոխադարձորեն ընդունելի զիջումներն ավելի լավ են անմիտ առճակատումից»: