Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 1-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Աբել քահանա Մանուկյանը` նկատի առնելով նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքը` ի հետևումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Հրաչ Մանուկյան:
Ամենայն Հայոց աթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը դրսևորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու և Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար:
Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին: Կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որևէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է համարվում, հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանը: