2 հունիսի 2011 - 13:34 AMT
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանն ապացույցներ չունի, որ Ւրանը որոշել է միջուկային ռումբ ստեղծել

Ռուսաստանը դեմ է Իրանի նկատմամբ նոր միջազգային պատժամիջոցների կիրառմանը: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Անցյալ տարվա հունիսին Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումով բոլոր այն ոլորտները, որոնք կարող էին ինչ-որ առնչություն ունենալ միջուկային ծրագրին, ընդգրկվել են: Ուստի ցանկացած նոր պատժամիջոցներ ընդհանուր ոչինչ չեն ունենալու սկզբնական նպատակի հետ (Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերման արգելում), այլ բացասական են ազդելու Իրանի տնտեսության վրա»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ոչ մի ապացույց չունի, որ Իրանը որոշել է միջուկային զենք ստեղծել, հավելելով, որ ՄԱԳԱՏԷ տվյալները նաև չեն կարող հաստատել, որ Իրանը ռումբ է ստեղծում:

Սերգեյ Լավրովը հիշեցրել է, իր Իրանը չի կատարում լրացուցիչ արձանագրությունը, որն անպայման չէ, բայց կարևոր է հատկապես Իրանի համար: Նրա կարծիքով, այդ արձանագրության կատարումը կարող էր հավաստիացնել միջազգային հանրությանը իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մեջ:

«Այսօր ոչ ոք չի կարող հաստատել Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը, բայց և չի կարող ապացույցներ ներկայացնել, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում»,- ասել է Լավրովը, հաղորդում է Bloomberg-ը: