Հունիսի 3-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանում տեղի է ունենալու փառատոնի երրորդ համերգը:
Թավջութակահարներ Սամսոն Թաթոսյանը, Լուսինե Սարգսյանը, Միխայիլ Գունդիրեվը և Սուրեն Դանիելյանը կկատարեն Կարեն Անանյանի Ինտրոդուկցիան և ֆուգան չորս թավջութակի համար:
Նարինե Անանիկյանը (մեցցո-սոպրանո) և Օլյա Խաչիկյանը (դաշնամուր) կներկայացնեն Աննա Գարսոյանի Երեք երգ Հ. Թումանյանի խոսքերով: Դաշնակահար Հայկ Մելիքյանը կկատարի Էդուարդ Սադոյանի Սոնատ-մենախոսություն դաշնամուրի համար և Ռոբերտ Ամիրխանյանի Երեք պիեսը դաշնամուրի համար «Գյուղական պատկերներ» շարքից:
Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ) և Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր) կկատարեն Մարտին Ուլիխանյանի Չորս մանրանվագ ֆագոտի և դաշնամուրի համար, իսկ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 4 կատարողներ կներկայացնեն Վահրամ Բաբայանի Լարային No.6 քառյակը:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 24-ը: