Շաբաթ օրը` հունիսի 4-ին ժամը 16:00-18:00-ին Կանաչաստան հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացնելու է հանրային վայրերում ծխելն արգելող որոշումը խթանող երկրորդ արշավը:
Այս անգամ արշավի շրջանակում այցելություններ են իրականացվելու Երևանի հանրային այն վայրեր` սրճարաններ, ռեստորաններ, բարեր, սննդի կետեր և այլն, որտեղ չեն ծխում կամ առկա է չծխելու համար առանձնացված վայր:
Արշավին մասնակցելու են շուրջ 100 երիտասարդներ, ովքեր, հունիսի 4-ին, ժամը 16:00-ին հավաքվելու են Կարապի լճի շրջակայքում գտնվող Առնո Բաբաջանյանի արձանի մոտ: Այնուհետև բաժանվելով խմբերի` նրանք շքերթով անցնելու են Երևանի փողոցներով և հանրային վայրերին շնորհակալագրեր են հանձնելու հետևյալ գրությամբ. «Շնորհակալություն մեր առողջության մասին հոգալու և հաստատությունում ծխելն արգելելու համար»
«ՄԵՐՍԻրելի վայրերը» կարգախոսն ընտրվել է ծխախոտի ծխից զերծ վայրերը հանրության սիրելի վայրերի թվին դասելու, ինչպես նաև շնորհակալություն արտահայտելու համար ամենահաճախ օգտագործվող «մերսի» բառն ընդգծելու նպատակով: