Տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանն արգելք է դրել հայկական գյուղատնտեսական մթերքի ներկրման վրա, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից: «Հայաստանը շարունակում է բանջարեղենի և պտղի արտահանումը ռուսաստանյան շուկա: Այս առումով արտահանողները անհանգստության առիթ չպետք է ունենան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ որոշ հայկական լրատվամիջոցներ լուրեր էին տարածել այն մասին, որ Ռուսաստանը ԵՄ երկրներից բանջարեղենի ներկրմանը զուգահեռ ժամանակավորապես արգելել է նաև հայաստանյան գյուղմթերքի ներկրումը Ռուսաստան:
Ինչպես լրագրողներին է հաղորդել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանը, հետևելով Ռուսաստանի օրինակին, նույնպես արգելել է բանջարեղենի, մասնավորապես` վարունգի, լոլիկի, պղպեղի ներկրումը Եվրոպայից: «Մենք ամեն տեսակի եվրոպական բանջարեղենի ներկրումն արգելելու մասին հայտարարեցինք` կապված որոշ եվրոպական երկրներում աղիքային վարակի տարածման հետ, սակայն մեզ նման բան չի սպառնում»,- ընդգծել է նա:
Հունիսի 2-ին Ռուսաստանն ամբողջությամբ արգելեց Եվրամիությունից բանջարեղենի ներկրումը: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն արդեն նշել է այն պայմանները, որոնց դեպքում այդ արգելքը կվերանա: Առաջին հերթին Եվրոպան պետք է պարզի վարակի հարուցիչն ու տարածման պատճառները, վարակի տարածման ուղիները (օդ, ջուր, սնունդ), վարակի օջախները:
Հիվանդության դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում, Հոլանդիայում և Բրիտանիայում: