8 հունիսի 2011 - 12:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գևորգ Բադալյանը Չեռնոգորիայի հետ խաղի մասին. Բոլորը հոյակապ էին խաղում, և մենք արժանի հաղթանակ տարանք

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հարձակվող Գևորգ Բադալյանը Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը գերազանց է գնահատում: «Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք, բոլորն էլ հոյակապ խաղացին և արժանի հաղթանակ տարան: Հակառակորդը թույլերից չէր, պարզապես մենք լավ էինք նախապատրաստվել»,- Չեռնոգորիայի հանդեպ 4:1 հաշվով վստահ հաղթանակից հետո PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Բադալյանը:

Ֆուտբոլիստը գտնում է, որ ԵԱ-2013 ընտրական մրցաշարի 3-րդ խումբը դյուրին չէ, միայն Անդորրան է ընդհանուր ֆոնին շատ թույլ: «Մեզ համար դժվար կլինի Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը, իսկ Ուելսը, կարծում եմ, կխաղա Չեռնոգորիայի նմանությամբ, բայց, իհարկե, կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի խմբում առաջին տեղը զբաղեցնենք և դուրս գանք փլեյ-օֆ»,- նշել է Բադալյանը:

Հավաքականի կիսապաշտպան Մասիս Ոսկանյանը գտնում է, որ իրենք շատ լավ էին խաղում, և հակառակորդն իրենց ֆոնին բոլորովին նկատելի չէր: «Մենք պարզապես անում էինք այն, ինչ ուզում էինք: Մեր հավաքականը շատ լավն է, բոլորն էլ տեսան, թե մենք ինչպես կարող ենք խաղալ: Պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում և ջանալու ենք հաղթող դուրս գալ խմբից»,- ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ