8 հունիսի 2011 - 14:34 AMT
Փորձագետ. Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան զինվորականների ուժեղ ճնշման ֆոնի վրա

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ամենայն հավանականությամբ հաղթելու է գալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին «Թուրքիան ընտրությունների նախաշեմին» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքերով, սակայն, Արևմուտքում որոշակի ուժեր կան, որոնք չեն ցանկանում ԱԶԿ հաղթանակը, ինչը, հիմնականում, կապված է նրա հետ, որ թուրքական արտաքին քաղաքականությունը ձեռք է բերել անկանխատեսելի բնույթ և որոշակի հակահայկական և հակաիսրայելական տարրեր:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի եվրաինտեգրմանը, Սաֆրաստյանը նշել է, որ Անկարան ոչ մի զիջումների չի գնում ոչ Կիպրոսի, ոչ քրդական հարցերում: Այդ առումով նա ուշադրություն է հրավիրել բրիտանական The Economist հրատարակության հոդվածի վրա, որի հեղինակը դիմում է Թուրքիայի քաղաքացիներին` կոչ անելով հունիսի 21-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել Էրդողանի կուսակցության դեմ:

Սաֆրաստյանի խոսքերով, Թուրքիայում ընտրությունները տեղի են ունենալու երկրի զինվորական օղակի ուժեղ ճնշման տակ: Նա ուշադրություն է դարձրել նրան, որ շատ զինվորականներ կամ ձերբակալված են կամ հետաքննվում են «Մեծ մուրճի» գործով:

Taraf թերթում 2010 թվականի հունվար ամսին լույս տեսավ մի հոդված, որում մանրամասնորեն նկարագրվում էր Թուրքիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2003 թվականին կազմված «Մեծ մուրճ» (Balyoz) հեղաշրջման ծրագիրը: Այն նախատեսում էր երկու մզկիթների պայթեցում, Հունաստանի հետ ձևական պատերազմ, մի շարք դիվերսիոն գործողություններ, մեծածավալ ձերբակալություններ, սպանություններ, ինչը խուճապ կծներ Թուրքիայում, և հեղաշրջման կազմակերպիչներն իրենց ձեռքը կվերցնեին իշխանությունը, որն անցել էր ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: