8 հունիսի 2011 - 20:13 AMT
Nabucco-ի տարանցիկ երկրների հետ համաձայնագրեր են ստորագրվել

Nabucco Gas Pipeline International-ը Nabucco-ի տարանցիկ երկրների հետ նախագծի օժանդակման մասին համաձայնագրեր է ստորագրել: Այդ մասին ասվում է Nabucco Gas Pipeline International-ի հաղորդագրության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի օրը: Կայսերիում (Թուրքիա) համաձայնագրեր են ստորագրվել Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Թուրքիայի համապատասխան նախարարությունների հետ: Ինչպես նշել է Nabucco Gas Pipeline International-ի կառավարող տնօրեն Ռեյնխարդ Միտչեկը, նախագծի օժանդակման վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը կարևոր ուղենիշ է Nabucco-ի համար և ամրապնդում է համագործակցությունը տարանցիկ երկրների կառավարությունների հետ:

Այսօր կայացավ նաև Nabucco-ի քաղաքական կոմիտեի անդրանիկ նիստը, կոմիտեն ապահովելու է տարանցիկ երկրների միջև արդյունավետ համակարգումը: Կոմիտեի խնդիրների մեջ մտնելու են նախագծի տարանցիկ երկրների կողմից 2009 թվականին ստորագրված միջկառավարական համաձայնագրի և Nabucco-ի օժանդակման համաձայնագրերի կատարման հարցերը: Կոմիտեի գործառույթների մեջ մտնելու են նաև ցանկացած այլ հարցեր, որոնք կարող են ծագել մասնակից երկրների մոտ նախագծի առնչությամբ: Nabucco-ի օժանդակման` այսօր ստորագրված համաձայնագրերի հիմնական տարրերն են ԵՄ և Թուրքիայի էներգետիկ օրենսդրությանը համապատասխան շահավետ ռեգուլյատիվ տարանցիկ ռեժիմի հաստատումը, օրենսդրությունում պոտենցիալ կողմնապահ փոփոխություններից խողովակաշարի պաշտպանությունը, ինչպես նաև նախագծի հետագա իրականացման համար օրենսդրական և վարչարարական գործողությունների օժանդակում, հաղորդում է Day.az գործակալությունը:

Nabucco նախագծով նախատեսվում է բնական գազը փոխադրել Կասպից ծովի տարածաշրջանից դեպի եվրոպական երկրներ` շրջանցելով ՌԴ-ն, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն պետք է տարեկան շուրջ 31 մլրդ խմ գազ փոխադրի, ինչը 2020թ. կկազմի ԵՄ գազի պահանջարկի 5%-ից ոչ ավելին: Ներկայումս գազատարի կառուցման մասնակիցների թվում են ավստրիական OMV Gas GmbH, թուրքական Botas, բուլղարական Bulgargaz, ռումինական S.N.T.G.N. Transgaz S.A., հունգարական MOL Natural Gas Transmission Company Ltd. և գերմանական RWE ընկերությունները: Մասնակիցներից յուրաքանչյուրը հավասար բաժնեմաս ունի` 16,67%: Ընդ որում, մայիսին հայտնի դարձավ նախագծի իրականացման ժամկետների տեղափոխման մասին. այն իրականացնող կոնսորցիումը հաղորդեց, որ գազատարի շինարարությունը ծրագրվում է մեկնարկել 2013 թվականին, իսկ հումքի կոմերցիոն մատակարարումը` 2017-ին: Ավելի վաղ ենթադրվում էր դա անել համապատասխանաբար 2012 և 2015 թվականներին, սակայն խնդիրներ ծագեցին` կապված մատակարարողների հետ: